ԲՀԿ խորհրդակցությունների նորաբաց դահլիճում կայացավ ԲՀԿ Երիտասարդների Միության ղեկավար մարմնի ընդլայնված նիստը

06/03/2016

ԲՀԿ խորհրդակցությունների նորաբաց դահլիճում կայացավ ԲՀԿ Երիտասարդների Միության ղեկավար մարմնի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվեց և հաստատվեց կառույցի առաջիկա ծրագրերի ամբողջական փաթեթը: Նիստին մասնակցում էին ԲՀԿ ԵՄ գործադիր մարմնի, տարածքային կառույցների, մասնագիտական խորհուրդների ղեկավարները, բացառությամբ ` մարզային տարածքային կառույցների պատասխանատուների ու համակիրների խորհրդի ղեկավար մարմնի ներկայացուցիչների: Առաջիկա 2 ամիսների ընթացքում արդեն հաստատվել է մարզային այցելությունների ժամանակացույցը, որի շրջանակներում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար , ԲՀԿ ԵՄ նախագահ Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ ԵՄ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներն այցելելու են մարզային տարածքային կառույցներ, որի ընթացքում, տեղերում կազմակերպելու են խորհրդի նիստեր ու աշխատանքային քննարկումներ: Օրակարգում ներառված կարևորագույն հարցն առնչվում էր աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների նախապատրաստմանը: Օրակարգի մյուս կետերով քննարկվեցին ԲՀԿ ԵՄ ղեկավար մարմնի կողմից հնչեցված առաջարկություններն ու նախաձեռնությունները, որոնց մի մասն ուղղված է լինելու ամառվա ընթացքում երիտասարդական միջոցառումների ընդլայնմանն ու Ամառային Դպրոցի կազմակերպմանը, երիտասարդների և ուսանողների համար ազատ ժամանակի և արտալսարանային կյանքի արդյունավետ և հետաքրքիր կազմակերպմանը: Աշխատանքի օրակարգից դուրս անցկացվեց պարգևատրման արարողություն, որի ընթացքում պատվոգիր և հուշանվեր հանձնվեց Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի մարզիկ Ալբերտ Ղազարյանին:
Մեր դռները բաց են բոլոր այն երիտասարդների համար, որոնք մտահոգված են Հայաստանի Հանրապետության վաղվա օրով, ընթացող քաղաքականությամբ և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման ու բարգավաճման գործում: