«Բարգավաճ Հայաստանը» երբեք 500.000 կամ 200.000 անդամ չի ունեցել

11/23/2015

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աբրահամ Մանուկյանը

– Պարոն Մանուկյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն առանձին գնո՞ւմ են մարզեր «այո»-ի քարոզչության համար: Իհարկե, չհաշված ուղիղ եթերով հեռարձակվող այն ռեալիթի շոուն, որին Ձեր կուսակիցներն էլ են մասնակցում:

– Միանշանակ: Գնացել ենք գրեթե բոլոր մարզերը, մնացել է ընդամենը երկու մարզ՝ Լոռին ու Տավուշը:

– Իսկ այն մարզերում, որտեղ այցելել եք, ժողովրդի մեջ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ի՞նչ տրամադրություններ եք նկատել:

– Ժողովրդի տրամադրվածությունը հիմնականում պասիվ է: Մենք այնքան էլ տեղեկացված չենք՝ մարդիկ դրակա՞ն, թե՞ բացասական են տրամադրված: Բայց երբ հանդիպում, բացատրում ենք, սկսում են դրական տրամադրվել: Մենք հիմնականում հանդիպել ենք մեր մարզային կառույցների, կուսակցության անդամների ու ակտիվիստների հետ:

– Այսինքն՝ ոչկուսակցական քաղաքացիների, ժողովրդի հետ չե՞ք հանդիպում:

– Ովքեր տեղյակ են լինում մեր այցից, ում հետաքրքրում է մեր այցը, գալիս են, լսում են: Մենք էլ բացատրում ենք, թե ինչու ենք «այո»-ի կողմնակիցը: Այն, որ փոփոխությունների նախագծում մեր առաջարկություններն ընդունվել են: Էլ ինչո՞ւ «ոչ» ասենք:

– Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ուժերը՝ ՀԱԿ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունները, հանդիպումներից վերադառնելուց հետո հայտարարում են, որ մարզերում հիմնականում դեմ են իշխանությունների նախաձեռնած այդ փոփոխություններին:

– Ես չեմ կարող իրենց այդ տեղեկությունը ո՛չ հերքել, ոչ էլ հաստատել, բայց մենք նման տրամադրվածություն չենք զգացել: Մենք զգում ենք, որ մեր կուսակիցները, մեր համակիրներն ու բոլոր անկուսակցական այն քաղաքացիները, ովքեր ներկա են լինում մեր հանդիպումներին, միանշանակ «այո»-ի կողմնակից են:

– Պարոն Մանուկյան, փետրվարյան իրադարձություններից հետո հաշվարկե՞լ եք, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում քանի անդամ է մնացել:

– Դուք հիմա ներքին գաղտնիք եք հարցնում:

– Բայց ինչո՞ւ պիտի դա ներքին գաղտնիք լինի: Բոլոր կուսակցություններն էլ հրապարակում են իրենց անդամների քանակը:

– Փետրվար-մարտ ամիսներից հետո երեք անգամ վերահաշվարկ ենք արել և դեռ հաշվարկներն անում ենք: Եկող տարվա սկզբին համագումար ենք անելու և այդ ժամանակ այդ տվյալները կհրապարակենք:

– Հարյուր հազար անդամ ունե՞ք:

– Նվազագույնը:

– Իսկ երկու հարյուր հազա՞ր:

– Ոչ: Բացառված է:

– Իսկ ունե՞ք մոտավոր տվյալներ, թե փետրվարյան րադարձություններից, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո քանի անդամ է հեռացել ձեր կուսակցությունից: Այդ ձեր երեք հաշվարկներից մեկի արդյունքները գոնե ներկայացրեք:

– Երբ վերջնական հաշվարկները կլինեն, այդ տվյալները կտրամադրենք: Բայց մի բան էլ ասեմ. մի ժամանակ, որ ասում էին, թե 500.000 անդամ ենք ունեցել, չենք ունեցել: Ոչ էլ 200.000 անդամ ենք ունեցել: Իմ կարծիքով՝ ավելի քիչ ենք ունեցել: Այս պահին գիտեմ, որ միանշանակ 100.000-ից ավելի անդամներ ունենք:

– Հրապարակումներ կան, որ ԲՀԿ-ում ներքին խմորումներ են եղել, և կուսակցության նախագահի փոփոխության փորձ է արվել: Այդ հրապարակումների համաձայն՝ ձեր կուսակցության տղամարդիկ չեն ցանկանում, որ իրենց ղեկավարը կին լինի: Նրանք ցանկանում են, որ Դուք լինեք ԲՀԿ նախագահը:

– Նման բան ընդհանրապես չի եղել: Ամբողջությամբ հերյուրանք է: Նաիրա Զոհրաբյանը շատ լավ աշխատում է:

– Անգամ կարծիք կա, որ այդ փորձը Ձեր միջամտությամբ է եղել:

– Բացառված է: Ես նման ակնկալիքներ, ցանկություն չունեմ, նման միտք իմ մեջ ընդհանրապես չի եղել:

– Իսկ որքանո՞վ են իրականությանը համապատասխան այն կարծիքները, թե Գ.Ծառուկյանը նորից կարող է վերադառնալ կուսակցության նախագահի պոստին:

– Այդ մասին հարցրեք Գ.Ծառուկյանի մամլո խոսնակին: Մեզ մոտ երբեք նման քննարկում չի եղել:

– Իսկ եթե Գ.Ծառուկյանը նորից ցանկանա վերադառնալ որպես կուսակցության նախագահ:

– Ես չեմ կարող կուսակցության բոլոր անդամների անունից ասել, բայց Գ.Ծառուկյանը մեր ընկերն է եղել, մնում է և միշտ էլ կմնա: Եթե նման ցանկություն ունենա, մենք կքննարկենք:

– Փաստորեն, Գ.Ծառուկյանը շարունակում է մնալ ԲՀԿ անդամ և նախագահի պոստից հեռանալուց հետո կուսակցությունից դուրս չի եկել:

– Ես նրա՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը չեմ տեսել:

www.1in.am