«ԲՀԿ-ն այո կասի Սահմանադրական փոփոխություններին ու կսատարի». Վահան Բաբայան

09/22/2015

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը այսօր հայտարարեց, որ կուսակցության քաղաքական խորհրդի ու ԱԺ խմբակցության կողմից կա վերջնական որոշում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: «Խմբակցության ու կուսակցության վերջնական դիրքորոշումն է հաստատել ԱԺ-ում Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, քվեարկել՝ այո ու սատարել փոփոխությունների փաթեթին, որը դրվելու է հանրաքվեի»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պատգամավորը: Նա վստահեցրեց, որ բոլոր ԲՀԿ-ականները կողմ են եղել կուսակցության որոշմանը: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանը արտահայտվել է՝ դեմ է ու ամեն ինչ անելու է, որ տապալի փոփոխությունները, պարոն Բաբայանն ասաց, որ մինչեւ կուսակցության որոշումն է կարծիք հայտնել: Պարոն Բաբայանը նաեւ պատմեց, որ կուսակցության տարածքային կազմակերպություններում քննարկումները սահմանադրական բարեփոխումների շուրջ ավարտվել են, բազմաթիվ առաջարկություններ ԲՀԿ-ի կողմից ընդունվել են: Հետո ասաց՝ տարբեր  կարծիքներ ու քննադատություններ են հնչում Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, բայց իրենց մասնագետները, քաղաքական թիմակիցները, սահմանադրագետ գործընկերները լայնամասշտաբ քննարկումներ են անցկացրել. «Այնպես չէ, որ մեկ օրում ենք որոշել՝ այո ասել: Ի վերջո, Սահմանադրության նախագծի վերջին փոփոխություններն այնպիսին են եղել, որ «ոչ» ասելու որեւէ պատճառ չենք կարող բերել: Մեծ աշխատանք է տարվել մեր կուսակցության իրավաբանների կողմից, դրույթներ որոնք վերաբերում էին կայուն մեծամասնության, ինքնաբուխ հավաքներին, ընտրիչների համակարգի ձեւավորմանը… որոնց ԲՀԿ-ն ի սկզբանե դեմ է եղել այդ տարբերակին, եւ մենք իրականում հասանք նրան, որ հանվեց ՏԻՄ ներկայացուցիչներին առաջնային մանդատով օժտելու գաղափարը: Կարծում ենք՝ չէր կարելի նման բան թույլ տալ եւ ապագայում նախագահին կընտրի միայն ԱԺ-ն: Պետք չէ փնտրել ինտրիգներ կամ այլ տեսակետներ, սա նորմալ գործընթաց է, գործընթաց, որ գնում է առաջ, եւ ԱԺ-ում եւ կուսակցությունում քննարկումներից հետո պարզ է դառնում, որ այն հիմնական դրույթները, որոնք վերաբերում են  պետության կառավարմանը, իշխանությունը գնաց այդ քայլին ու փոխեց այդ եզրույթը»: 

www.aravot.am