Իրատեսական չէ, որ այս պայմաններում ինչ-որ մեկը ցանկանա գնել ՀԷՑ-ը. Մելքումյան

06/25/2015

«Վերջին օրերի շարժումը բոլորի մոտ դրական լիցքեր է առաջացրել: Ես միանշանակ ասել եմ, որ շարժումը չպետք է կուսակցականացվի, սա հասարակական-սոցիալական շարժում է: Եթե կուսակցականացվի, այն կդառնա իշխանություն-ընդդիմություն պայքար»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ իշխանության կողմից չկա ուժ կիրառելու միտում, որպեսզի հասարակությունը զգա, որ ինքը տեր է այս երկրին:

«Հանրային քննարկումներն այն ազդեցությունը չունեցան, որ հասարակությունը հասկանա, սրան այլընտրանք չկա, որից էլ ձևավորվեց այս պահանջը: Պահանջն արդարացի է: Այս շարժման արդյունքում անպայման պետք է ձևաչափ ձևավորվի: Չեմ կարծում, որ Բաղրամյան պողոտան կարող է ամիսներով փակվի, դա էլ ճիշտ չէ: Միջազգային լրատվամիջոցներն էլ այլ ձև են ներկայացնում այս ամենը»,-նշեց Մելքումյանը:

Անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմանը, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը մեղմելու նպատակով կբարձրացնի սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների կամ 400 հազար մարդու սոցիալական նպաստը, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դա հարցի լուծում չէ:

Ըստ պատգամավորի՝ կարելի էր ՀԷՑ-ի պարտքը մարելու համար ոչ թե սակագին բարձրացնել, այլև կիրառել բուֆերային տարբերակ. «Միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է կասեցնել թանկացումը, բայց դա հավանական չեմ համարում»:

Ինչ վերաբերվում է այն հարցին, որ շարժման մասնակիցները հրաժարվեցին հանդիպել հանրապետության նախագահին՝ բանակցելու նպատակով, նա կարծիք հայտնեց, որ միշտ էլ պետք է բանակցել. «Ես կողմ եմ բանակցելուն, այն, որ դա արդյունք չէր տա, համաձայն չեմ: Նախագահի հետ հանդիպումը պետք է միանշանակ լինի, պետք է լինի երկխոսություն»:

Լրագրողների հարցին, թե ինչ տեղեկություն ունեն մեկ այլ անձի կողմից ՀԷՑ-ի գնման հետ կապված՝ Մելքումյանը պատասխանեց. «Իրատեսական չէ, որ այս պայմաններում ինչ-որ մեկը ցանկանա գնել ՀԷՑ-ը»:

Աղբյուր` Panorama.am