Կառաջադրվի՞ Նաիրա Զոհրաբյանը Սամվել Ալեքսանյանի դեմ

01/13/2017

«Պատգամավոր լինելը, պաշտոն զբաղեցնելը, քաղաքականության մեջ լինելը ինձ համար երբեք չի եղել իմ կյանքի թիվ մեկ հարցը եւ գերնպատակ: Կյանքում ինձ համար ավելի բարձր արժեքներ կան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը`մեկնաբանելով քաղաքական կուլիսներում շրջանառվող եւ մամուլում հրապարակված այն խոսակցությունները, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր որոշումը կախված է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց: Ըստ այդ խոսակցությունների, եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի չվերադառնալ քաղաքականություն, հնարավոր է Նաիրա Զոհրաբյանը եւս չմասնակցի ընտրություններին եւ, ընդհանրապես, քաղաքականությունից դուրս գալու որոշում կայացնի: Թե իր, թե ԲՀԿ-ին վերաբերվող բոլոր հարցերին, Նաիրա Զոհրաբյանը շարունակում է պնդել, որ կպատասխանի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո: «Ինչ վերաբերվում է վատատեսների կանխատեսումներին, ես լավատես եմ եւ վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող անտեսել ժողովրդի պահանջը, անպայմանորեն վերադառնալու է քաղաքականություն եւ ԲՀԿ-ն`շատ բարձր նշաձող սահմանելով, մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա: Խոսակցություններ կան նաեւ, որ Նաիրա Զոհրաբյանն առաջիկա ընտրություններում եւս առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Հավանական է, որ նա առաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է իր «ծանր հրետանիներից»`հիմնական ձայն բերողներից մեկին`Սամվել Ալեքսանյանին: «Ես կրկնում եմ, բոլոր հարցերին կպատասխանեմ միայն Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո: Իսկ ինչ վերաբերվում է Մալաթիա-Սեբաստիայում առաջադրվելուն, այո, չի բացառվում, որ հենց այդ համայնքում էլ ես առաջադրվեմ ռեյտինգային ընտրակարգով: Ինձ համար բացարձակապես տարբերություն չկա, թե հանրապետության 13 ընտրատարածքներից որ մեկում ես կառաջադրվեմ ռեյտինգային կարգով: Բնականաբար կառաջադրվեմ այնտեղ, որտեղ ամենավտանգավորը եւ ռիսկայինն է լինելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Հարցին`ինչո՞ւ է ուշանում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քանի որ արդեն բավական քիչ ժամանակ է մնացել, փետրվարի 6-10-ը ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքներն արդեն պետք է ԿԸՀ-ին ներկայացնեն իրենց հայտերը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանի հայտարարությունը չի ուշանում: Պարոն Ծառուկյանի հայտարարությունը կլինի ճիշտ ժամանակին եւ ճիշտ պահին»: 
 

 http://www.aravot.am/2017/01/13/845078/