Կառավարությունը չի պայքարի այն մոնոպիլստների դեմ, ովքեր ապրիլի ընտրություններում քվեներ են բերելու ՀՀԿ-ին. Ն. Զոհրաբյան

10/21/2016

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չի հավատում, որ նորանշանակ կառավարությունը կկարողանա պայքարել մեր տնտեսությունը քանդող հիմնական չարիքների դեմ՝ մենաշնորհի, ստվերի և կոռուպցիայի: 

«Բոլորս էլ գիտեք, որ Հայաստանի տնտեսությունը ուղղակիորեեն քանդում է մենաշնորհը, կոռուպցիան և ստվերը: Ի՞նչ ռեալ քայլեր են արվելու դրանց դեմ պայքարելու համար Կամ ու՞նի՝ նորանշանակ վարչապետն լիազորություն այդ ամենի դեմ պայքարելու համար: Այսինքն՝ իշխանությունը պատրա՞ստ է՝ այն ճյուղը, որի վրա ինքը նստած է՝ կտրել: Եթե պատրաստ է ՝ այս կառավարությունը կունենա հաջողություն»,-Zham.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: 

Նրա խոսքով կառավարության ծրագիրը հաջող կազմված է՝ ընդգրկելով բոլոր բնագավառներում առկա խնդիրները, սակայն դրանով չի կարելի բավարարվել. 

«Ոչ մի կառավարություն չի գալիս և ասում, որ Հայաստանի տնտեսությունը քանդելու է: Բոլորն էլ ներկայացնում են գեղեցիկ տեքստեր՝ շատ գեղեցիկ շարադասությամբ կազմված, ասում են, որ իրենք կախարդական փայտիկ չունեն: Այդ կախարդական փայտիկն արդեն մենք նախորդ երեք վարչապետների ժամանակ լսել ենք»,-նշեց նա:

Զոհրաբյանը չի հավատում, որ նորանշանակ կառավարությունը կունենա հաջողություն և կկարողանա իրկանացնել ծրագրում նշված բոլոր կետերը: 

«Ես անձամբ չեմ հավատում, որ իշխանությունը  լծակներ կտա նորանշանակ կառավարությանը՝ կտրելու այն ճյուղը, որի վրա ինքը նստած է, որովհետև պայքար տնտեսական մոնոպոլիստների դեմ, որոնցից մի քանիսը նստած են ԱԺ դահլիճում, նշանակում է պայքարել այն մարդկանց դեմ, ովքեր 2017 թվականի ապրիլի ընտրություններում քվեներ են բերելու իշխող կուսակցությանը: Եթե կարվի, կխոսենք , ես չեմ հավատում դրան»,-եզրափակեց նա:

 

http://zham.am/am/news/72218.html