Մենք ունենք մեկ գերխնդիր՝ թույլ չտալ, որ բախումներ լինեն. Նաիրա Զոհրաբյան

06/28/2015

Ես այստեղ եմ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր՝ հնարավոր սադրանքները, բախումները կանխելու համար: Այս մասին Բաղրամյան պողոտայում շարունակվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նարիա Զոհրաբյանը, ով երեկ է վերադարձել Ստրասբուրգից:

«Մենք ունենք մեկ գերխնդիր՝ թույլ չտալ, որ լինեն բախումներ, որ լինի որևէ սադրանք»,- նշեց Ն.Զոհրաբյանը և հիշեցրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունը, որ իրենց ունեցած օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ որոշ երիտասարդների մոտ պայթուցիկ նյութեր և սարքեր կան: «Կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է օպերաիւվ արձագանքի: Ամեն դեպքում մենք այստեղ ենք այնքան ժամանակ մինչև լարվածությունը չթուլանա և քանի դեռ կա որևէ բախման, որևէ սադրանքի անգամ փոքր հավանականություն»,- ասաց պատգամավորը:

Ըստ Ն.Զոհրաբյանի՝ իր գործընկերներն իրեն տեղեկացրել են, որ ակցիայի մասնակից երեիտասարդների մի մասը ՀՀ նախագահի հայտարարությունը ընդունել է ի գիտություն՝ դա համարելով հաղթանակ, և այս պահին այդ երիտասարդները Բաղրամյան պողոտայում չեն:

«Այստեղ է երիտասարդների այն հատվածը, որոնց պահանջները ավելի կտրուկ են: Ուստի լարվածության վտանգն այսօր առավել ռեալ ենք համարում և կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ որևէ վտանգ չի չեզոքացվել»,- հայտնեց Ն.Զոհրաբյանը:

Աղբյուր` Panorama.am