Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

04/18/2016

Քվեարկելով կողմ Սարսանգի ջրամբարի բանաձեւին, նաեւ դո՜ւք Ադրեբեջանին տվեցիք քարտ- բլանշ՝ իր հանցագործ գործողություններում

Քիչ առաջ մեկնարկած ԵԽԽՎ նիստում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը։ Լիագումար նիստի մեկնարկին, ինչպես միշտ, քննարկվել է բյուրոյի հաշվետվությունը, որի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ հունվարյան նստաշրջանին քվեարկելով «կողմ» ադրբեջանական ռազմատենչ օրակարգը սպասարկող Սարսանգի ջրամբարի զեկույցին՝ դրանով ԵԽԽՎ-ն եւս քարտ բլանշ տվեց Ադրբեջանին՝ սկսելու լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ ԲՀԿ պատգամավորը նաեւ կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ Ալիեւի հանցագործ ռեժիմը սատարող հայտարարություններ անելու համար։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է՝

«Հարգելի գործընկերներ,

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանը, կիրառելով ծանր զինուժ՝ տանկեր, «Տոս» հրանետային համակարգ, «Սմերչ», օդուժ, լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց՝ հրետակոծելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծը, այլեւ խաղաղ բնակավայրերը։ Եւ կրկին սպանված զինվորներ, դպրոցից տուն գնացող երեխա, ով սպանվեց իր եղբոր աչքի առաջ։ Ադրբեջանական զինուժը խոշտանգեց ու գլխատեց ռազմագերիների եւ կոմբատանտների, ու այդ ամենը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Ավելին, երբ Ադրբեջանի զինուժին հաջողվեց ընդամենը մեկ օր իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղը, Ալիեւի վարձկանները խոշտանգեցին ու դաժանաբար սպանեցին գյուղում մնացած խաղաղ բնակիչներին։ Ու այն ժամերին, երբ Ալիեւի վարձկանները ռազմական հանցագործություններ էին կատարում, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն իր հայտնի հայտարարությամբ սատարում էր ահաբեկչական Ադրբեջանին։ Այն պահին, երբ ադրբեջանական զինուժը հրետակոծում էր խաղաղ բնակավայրերը, մեր Վեհաժողովի նախագահը, ով ի պաշտոնե պարտավոր է պահպանել անաչառություն եւ չեզոքություն, իր հայտարարությամբ ոգեկոչում էր ռազմական հանցագործներին։ Հարգելի գործընկերներ,

Այն, որ ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը մեր Վեհաժողովում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է՝ հայտնի ճշմարտություն է։ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ԵԽԽՎ նախագահն իրեն պահել է որպես Իլհամ Ալիեւի մամուլի խոսնակ։ ԵԽԽՎ պատմության մեջ աննախադեպ է, երբ Վեհաժողովի նախագահը զբաղվում ոչ թե ԵԽԽՎ, այլ մեկ առանձին երկրի շահերի բացահայտ պաշտպանությամբ։ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը կատարելով Ադրբեջան, Ագրամունտն իր այդ քայլով հերթական հավատարմությունը հայտնեց Ալիեւի բռնապետությանը։ Իսկ ռազմական գործողությունների ամենածանր օրերին Ագրամունտն անում է հայտարարություն, որը բացահայտ խրախուսում է Ալիեւի մարդասպան ռեժիմին։

Հարգելի գործընկերներ,

Եվրոպայի Խորհուրդը 47 երկրների կազմակերպություն է, որը պարտավոր է ներկայացնել եւ պաշտպանել 800 միլիոն եվրոպացիների շահերը։ Նման լրջագույն կառույցի նախագահը պարտավոր է լինել անկողմնակալ եւ անաչառ, այլ ոչ թե անձ, ով հրապարակային պաշտպանում է բռնատիրությունը՝ խրախուսելով հանցագործ Ադրբեջանին։ Մեր Վեհաժողովում աննախադեպ իրավիճակ է, երբ Վեհաժողովի նախագահի աթոռին նստած է Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակը։

Եւ եւս մի կարեւոր խնդիր, որի հետեւանքների մասին մենք զգուշացնում էինք։

Երբ ձեզանից շատերը անցած նստաշրջանին քվեարկեցին կողմ Սարսանգի ջրամբարի, իբր, հումանիտար խնդրին, Ադրբեջանի ռազմական այս ագրեսիայից հետո հույս ունեմ հասկացաք, որ Ադրբեջանի նպատակը հումանիտար խնդիր լուծելը չէր, այլ Սարսանգը գրավելն էր։ Եւ դրա համար էր անհրաժեշտ միջազգային կառույցներում եւ ԵԽԽՎ-ում ստանալ ձեր աջակցությունը՝ հումանիտար նպատակի տակ ռազմական հանցագործություն կատարելու համար։ Նայեք ադրբեջանական զինուժի տեղաշարժը պատերազմի այդ օրերին, եւ կհասկանաք, որ ձեր քվեարկությամբ նաեւ դուք Ադրբեջանին տվեցիք այդ քարտ-բլանշը»։