Նաիրա Զոհրաբյան. Ուոլթերը փորձում է արդարացնել Ադրբեջանից ստացած խավիարի իր բաժինը

09/29/2015

Հայաստանը պետք է անի ամեն բան, որպեսզի ԵԽԽՎ-ում խափանի Ադրբեջանի եւ նրա դաշնակիցների՝ Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի, սցենարը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտնել է, որ Երեւանի ժամանակով 16.00-ին ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում, ինչպես սպասվում է, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը հաշվետվություն կներկայացնի՝ կապված «Բռնության սրացում Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» անվանումով զեկույցի նախապատրաստման հետ:

«Ուոլթերը երկար ժամանակ հրաժարվում էր պաշտոնապես դիմել ԼՂՀ ներկայացուցչություն՝ Արցախ այցելելու նպատակով, քանի որ նա ամբողջությամբ ադրբեջանամետ գործիչ է: Նա փորձում է լուծել իր Ղարաբաղ այցելության հարցը Հայաստանի պատվիրակության անդամների միջոցով, բայց մենք հստակ պատասխանել ենք, որ չենք կարող Ղարաբաղի փոխարեն ասել՝ արդյոք ինքն իրավունք ունի այցելել ԼՂՀ, թե ոչ»,-ասել է Զոհրաբյանը:

Մի քանի օր առաջ Ուոլթերն, այդուհանդերձ, պաշտոնապես դիմել է Հայաստանում ԼՂ ներկայացուցիչ Կարլեն Պետրոսյանին, որպեսզի Ստեփանակերտ այցելելու իրավունք ստանա: Կարլեն Պետրոսյանը, ըստ Զոհրաբյանի, պաշտոնապես նամակով պատասխանել է Ուոլթերին, որ իր նամակը փոխանցել է ԼՂՀ իշխանություններին, եւ այս պահին ԼՂՀ ԱԳՆ-ն քննարկում է հարցը:

«Այստեղ խնդիրն այն է, որ Ուոլթերը շտապում է ներկայացնել այդ զեկույցը, քանի որ մայիսին նա չի ընտրվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, չի ընտրվել նաեւ լորդ, իսկ դա նշանակում է, որ նրա մանդատը, որպես ԵԽԽՎ պատվիրակ, սպառվում է նոյեմբերի 7-ին: Եվ Ուոլթերն անում է ամեն ինչ, որպեսզի մինչ այդ անպայման ներկայացնի զեկույցը՝ նպատակ ունենալով արդարացնել Ադրբջանից ստացած խավիարի իր բաժինը»,-ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, եթե Ուոլթերը հասցնի ներկայացնել զեկույցը, դա կնշանակի, որ Հանձնաժողովը նոր համազեկուցող կնշանակի: «Ադրբեջանը կանի ամեն բան, որ դա տեղի չունենա: Մենք մեր կողմից պետք է անենք ամեն ինչ, որպեսզի խափանենք Ադրբեջանի եւ նրա դաշնակիցների սցենարը»,-ամփոփել է հայ պատվիրակը:

Հիշեցնենք, որ Ստարսբուրգում սեպտեմբերի 28-ին մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը: