Սահմանադրական փոփոխություններից հետո ընդդիմություն լինելը կդառնա պատվաբեր. ԲՀԿ

11/22/2015

Ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հավասար հնարավորություններ ունենան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում վանաձորցիների հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ Սահմանադրական փոփոխություններից հետո հենց նման պայմաններ են ստեղծվելու։

«Սահմանադրական փոփոխությունները հնարավորություններ են ստեղծում, որ ընդդիմությունն ու իշխանությունն ունենան հավասար պայմաններ, միմյանց լրացնեն, ոչ թե խանգարեն եւ թշնամություն առաջանա իրենց միջեւ։ Մենք այնպիսի պայմաններ ենք ստեղծում, որ ընդդիմություն լինելը դառնում է պատվաբեր, սա պետության մաս է։ Ընդդիմությունն եւ իշխանությունը հնարավորություն են ստանում՝ ազատ գործելու եւ ապրելու համար»,- ասաց Միքայել Մելքումյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ երիտասարդությունն ինքն էլ պետք է իր հերթին օգնի երկիրն առավել ժողովրդավարական դարձնելու համար։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին։

www.news.am