«Ինչո՞ւ պետք է վախենամ». Նաիրա Զոհրաբյանը ցանկանում է գնալ ՊՊԾ գնդի տարածք

07/20/2016

Քիչ առաջ Խորենացի փողոց եկած ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փորձեց մուտք գործել անվտանգության գոտի, սակայն ոստիկանները նրան հորդորել են սպասել, քանի որ ոստիկանության ղեկավարությունը կամ որոշում կայացնողները մասնակցում են սպանված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությանը: Լրագրողների հարցին` չե՞ք վախենում, վտանգավոր չե՞ն, Զոհրաբյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է վախենամ: Կարծում եմ` վտանգավոր չեն, ես վախ չունեմ: Կարեւոր խնդիր պետք է լուծել` թույլ չտալ լարվածության մեծացում: Չպետք է «խաղաղ հանգուցալուծում» բառից վատ զգալ: Խաղաղ հանգուցալուծման բոլոր հնարավոր տարբերակները պետք է քննարկել: Իհարկե, միսիոներական բան չեմ վերցնում ինձ վրա, բայց մի հատ գնանք խոսենք, հասկանանք, գուցե մի բանով մենք էլ կարողանանք օգտակար լինել»: Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ անձամբ ճանաչում է «Սասնա Ծռեր» խմբի անդամներից ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին. «Ես նրան ահաբեկիչ որակումը չէի տա, բայց այս տարբերակով հարցեր չեն լուծվելու: Հասկանում ենք, որ հուսահատության հասած մարդն այսպիսի ելք է գտել: Բախումը չի կարող ելք լինել, մենք պետք է կանխենք բախումը: Պետք է երկխոսություն լինի»: Զոհրաբյանը նաեւ նշեց, որ Արցախի խնդրի շուրջ հողերի զիջման մասին խոսք լինել չի կարող: Խորենացի փողոց էր եկել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը զրուցում է ակտիվիստների հետ: 

http://www.aravot.am/2016/07/20/717597/