ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի շնորհավորանքը Անկախության օրվա առթիվ

09/21/2015

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձն է։ Այսօր արդեն մենք ունենք գրագետ, կիրթ ու ազնիվ երիտասարդների սերունդ՝ Անկախության սերունդը, որը մեզ հետ միասին, վստահաբար, գիտակցում է Անկախության իրական արժեքը։ Այսօր գեղեցիկ ու, ինչու չէ, նաեւ վերամբարձ խոսքեր շատ են հնչելու։ Բայց ինձ համար Անկախությունն առաջին հերթին մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է՝ այդքան թանկ գնով ձեռք բերված Անկախությունը պահել-պահպանելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հասկանալ ու ընդունել շատ պարզ մի ճշմարտություն. որ մեզանից յուրաքանչյուրը իր տեղում, իր հնարավորությունների ու իր լիազորությունների սահմաններում պիտի անի հնարավորն ու առավելագույնը՝ մեր Անկախության հիմքերը ամուր պահելու համար։ 

Որ այս օրը մենք ոչ միայն օրացույցով նշենք, այլ սա լինի տոն, որ միշտ մեզ հետ է։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու տոնը։ Որպեսզի որեւէ մեկն իրեն օտարված ու անտեսված չզգա։ Իսկ դրա պատասխանատուն մենք ենք՝ գործիչներ, ում մեր երկրի քաղաքացին վստահել է ապահովել խաղաղություն, կայունություն, բարեկեցություն, Լեռնային Ղարաբաղի խնդրի արդար ու արժանապատիվ լուծում եւ ամենակարեւորը՝ Արդարություն։ 

Դա մեր պարտքն է։ Չմոռանանք այս մասին։ Ու թող այս օրը բոլորիս համար իրական տոն լինի, որովհետեւ Անկախության արժեքը անչափելի ու անգնահատելի է։