Մաքսային տարբեր պապկաները, որոնք 37 թվականի տռոյկաներ են հիշեցնում չե՞ն վերանալու. Նաիրա Զոհրաբյան

10/20/2016

Կառավարության բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել նոր կառուցվածք՝ ունենալով հստակ խնդիր՝ կրճատել, ոչ թե օպտիմալացնել: Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝  պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե կառավարման համակարգի փոփոխության համար ի՞նչ եք արել կամ անելու:

Վարչապետի խոսքով՝ պետք է վերանայեն այն գործառույթները, որոնք կիսատ-պռատ են արվում, կամ չեն արվում, կամ պետք էլ չէ արվեն: Կառավարության ղեկավարը նաև ասաց, որ հստակ հանձնարարական կա՝ կրճատել ՊՈԱԿ-ները, կենտրոնացնել գնումների կառույցները, ԾԻԳ-երը:

«Հանրությանը կներկայացնենք: Այստեղ, սպասում եմ, բավականին լուրջ կրճատումներ»,- հավելեց Կ. Կարապետյանը:

Նաիրա Զոհրաբյանի մյուս հարցը վերաբերում էր կոռուպցիայի դեմ պայքարին, վարչապետն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է, իրենք ֆիքսել են, ինչպես են պայքարելու կոռուպցիայի դեմ:

«Կանենք, չենք անի, դուք կտեսնեք»,- նշեց Կ. Կարապետյանը:

ԲՀԿ  խմբակցության ղեկավարը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք մաքսային տարբեր պապկաները, որոնք 37 թվականի տռոյկաներ են հիշեցնում՝ «ով ընկնում է, քերթվում է մինչև վերջ» չեն վերանալու:

«Պապկաներ չեն լինելու: Լինելու են բրոկերային կառույցներ, ինչպես ամբողջ աշխարհում,  երբ բիզնեսմենն է որոշելու՝ ուզում է դիմել բրոկերին, թե մաքսատանը: Որևէ պարտադրանք, որևէ բիզնեսմենի չի լինելու»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

http://www.panorama.am/am/news/2016/10/20/%D4%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA...