Պատանդ վերցնելով, արյունահեղ ապստամբություններով, հեղաշրջման կոչերով որևէ քաղաքական հարց չի կարելի լուծել Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=8170&l=am

07/17/2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ժամը 5-ից ազատամարտիկների միավրումը կարողացել է գրավել Էրեբունու ոստիկանության գումարտակը եւ պատանդներ է վերցրել ոստիկաններին: Պահանջը հետեւյալն է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը: Այս առիթով Yelaket.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Վերջինս իր մտահոգությունը հայտնեց դեպքերի շուրջ և հանդես եկավ ողջամտության հորդորով, որպեսզի այս ամենից անգամ մեկ հայ չտուժի: «Պատանդ վերցնելով, արյունահեղ ապստամբություններով, հեղաշրջման կոչերով որևէ քաղաքական հարց չի կարելի լուծել և չի լուծվելու: Սա միանշանակ է, այո՛, մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, և որևէ մեկը դա չի հերքում, կան օր առաջ, րոպե առաջ լուծում պահանջող համակարգային հարցեր, բայց այդ հարցերից որևէ մեկը չի լուծվելու այսկերպ: Սա ամենասխալ ճանապարհն է, որ ընտրել են ժողովրդավարական խնդիրներ լուծելու համար. ոչ ժողովրդավարական մեթոդներով, արյունահեղությամբ ժողովրդավարություն հաստատել հնարավոր չէ, հատկապես մեր երկրում, երբ որ մենք ունենք կյանքի խնդիր, Լեռնային Ղարաբաղի հարցն ունենալով՝ նման քարտ բլանշ տալ Ալիևի ձեռքին՝ ես բացարձակապես անընդունելի եմ համարում: Ուստի ես, առաջին հերթին որպես մայր և կին, ապա որպես ԱԺ պատգամավոր, հասկանալով իրենց ցասումն ու վրդովմունքը, կոչ եմ անում կա՛նգ առնել, գնալ հստակ բանակցությունների, ազատել պատանդներին, նստել երկխոսության և միայն այս ճանապարհով փորձել լուծել խնդիրները: Իրենց ընտրած ճանապարհը տանելու է փակուղի, և պատահական չէ, որ միջազգային մամուլը, որքան էլ որ ցավալի է, բայց Թուրքիայի և Հայաստանի դեպքերը փորձում է դնել նույն հարթության վրա և թուրքերին մոռացած անդրադառնում է հայերիս: Ուղղակի այսպիսի բան չպիտի լիներ , մենք մեզ նման բան թույլ տալու իրավունք չունենք: Նման դեպքերում ասում են այլընտրանք չի մնացել. սա ամենաարատավոր մտածելակերպն է: Միշտ այլընտրանք կա՝ ավելի հաշվարկված մարտավարությամբ և գրագետ ճանապարհով լուծելու խնդիրները: Այլընտրանքը կոնստրուկտիվ դաշտում բանակցելն է: Միշտ կա երկու ճանապարհ՝ կամ այսպիսի քայլերով երկիրը տանել փակուղի, կամ փորձել ռացիոնալ դաշտում խնդիրները լուծել: Հասկանում եմ,շատ դեպքերում դանակը հասնում է ոսկորին, բայց այդժամ անգամ հեղափոխության փորձերն ու արյունը չպետք է լինեն միջոց: Ուստի ևս մեկ անգամ հորդորում եմ սթափ գնահատել իրավիճակը, և չգնալ նոր էսկալացիայի, որը հղի է շատ վտանգավոր և անկանխատեսելի զարգացումներով»:

 

http://yelaket.am/?p=8170&l=am