Վահան Բաբայանի խորհուրդը. Պարապ վախտվա այլ խաղալիք գտեք

07/16/2015

Այսօր մամուլում տեղեկատվություն կար, թե օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խնջույք է կազմակերպել, որին քննարկվել է Վարդան Օսկանյանի և Վահե Հովհաննիսյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու հարցը։ Ավելին՝ նշվում էր, թե ԲՀԿ-ականներին ուրախացրել է այն հանգամանքը, որ այդ կուսակցության ստեղծումը իրենց կձերբազատի Ռոբերտ Քոչարյանի և մարտի 1-ի թեմաներից։

Aysor.am-ի հետ զրույցում հրապարակման մեջ առկա փաստերի վերաբերյալ ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասաց հետևյալը.

«Շաբաթ օրը, այո, ԲՀԿ խմբակցությունը խնջույք էր կազմակերպել, որը անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Խնջույքին ներկա է եղել նաև Վահե Հովհաննիսյանը, հրավիրված է եղել Վարդան Օսկանյանը, ով արտերկից հյուրեր ուներ և միայն այդ պատճառով չկարողացավ մասնակցել։ Ինձ համար հասկանալի չէ, կամ խիստ հասկանալի է, թե ինչո՞ւ են համառորեն այդ թեման շարունակում շրջանառել, երբ թե՜ Վահե Հովհաննիսյանը և թե՜ կուսակցության նախահագ Նաիրա Զոհրաբյանը օրերս տված իրենց մեկնաբանություններում հստակ բոլոր հարցերին պատասխանել են։ Թվում էր՝ ամեն ինչ այնքան հստակ է ասվել, որ դրանից հետո ոմանք պիտի հանգստանային ու իրենց համար պարապ վախտվա այլ խաղալիք գտնեին։

Կրկնում՝ մենք վստահում ենք մեր գործընկերներին և մեկ րոպե անգամ չենք կասկածում իրենց պարկեշտությանն ու իրենց արած հայտարարություններին առ այն, որ նման բան չկա։ Ասեմ նաև, որ բացարձակ ապարդյուն է ԲՀԿ-ում գոյություն չունեցող թևերի և ականջների փնտրտուքը, որը դրա պատվիրատուներին վստհաբար դնելու է խիստ անհարմար իրավիճակի առաջ»։