ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ԴԱ ՀԱՐԿԱԴԻՐ, ԲԱՅՑ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ԷՐ»

03/24/2009
Աղբյուր՝ «Ազգ» օրաթերթ.


-Դոլարի «լողացող» փոխարժեքին անցնելը եւ դրա բարձրացումը ուղղակիորեն կապված են հանրապետության տնտեսության հետ: Բարձրացումն անհրաժեշտ էր, որպեսզի կարգավորվեն անհավասար պայմանները, որոնցում հայտնվել են մեր տնտեսվարող սուբյեկտները` ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունները, ընկերությունները: Դա հարկադիր, բայց դրական քայլ էր: Չէ՞ որ արտոնյալ վիճակում էին նրանք, ովքեր զբաղվում էին ներմուծմամբ` ապրանքների ներկրմամբ: Հայաստանում գնված դոլարներով արտերկրում արտադրանք էր ձեռք բերվում տնտեսվարող սուբյեկտի համար օգուտով եւ էլ ավելի մեծ օգուտով վաճառվում Հայաստանում` մեծ շահույթներ բերելով ներմուծողին: Իսկ մթերք արտադրողները եւ արտահանողներն ունեին անհամեմատ մեծ ծախսեր, բայց նվազ շահույթ: Հիմա, այդ հարկադիր քայլի շնորհիվ նրանց իրավունքները չեն սահմանափակվի, եւ արտադրությունը չի տուժի: Բացի դրանից, արտերկրում աշխատող հարազատներից օգնություն ստացողները գանգատվում էին, որ իջեցված փոխարժեքի պայմաններում իրենց ուղարկած, ասենք, հարյուր դոլարն այլեւս չի բավականացնում նույնիսկ կոմունալ ծառայությունների վճարմանը: Հիմա փոխարժեքը բարձրացել է:

- Այո, դոլարի փոխարժեքը բարձրացել է, բայց բարձրացել են նաեւ գները: Մարդիկ նետվեցին պարեն գնելու, հիմա էլ են գնում, վախենալով հետագա թանկացումներից...


- Այդ խուճապն ու իրարանցումը նախաձեռնեցին ամենայն հավանականությամբ նրանք, ում ձեռնտու էր ապրանքն ավելի թանկ վաճառել: Սակայն, կարծում եմ, շուտով կկարգավորվի, գները` նույնպես:

- Հայաստանը որքանո՞վ կարող է ներքաշվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեջ եւ նրա վրա ինչպե՞ս կարող են անդրադառնալ ճգնաժամի հետեւանքները:

- Գոյություն ունի համաշխարհային ֆինանսական համակարգ: Այդ համակարգի ֆինանսական հոսքերի կազմակերպումը նման է բարդ խողովակաշարի: Ուստի, ինչպես եւ ամեն մի խողովակաշարում, այստեղ ժամանակ առ ժամանակ կարող են ծագել խցանումներ եւ շարժման խաթարումներ, որոնց վերացման համար անհրաժեշտ է ինչ-որ ժամանակահատված, ասենք` 3 տարի, որպեսզի խողովակաշարը մաքրվի եւ գործի առանց անկանոնությունների: Ինչ վերաբերում է Հայաստանին, նրան բաժին են հասնում խողովակաշարից լոկ ինչ-որ կաթիլներ, որոնք ճգնաժամի դեպքում նվազում են կամ առհասարակ վերանում: Հայաստանում ֆինանսական համակարգը նոր է սկսում զարգանալ եւ չունի իր գլխավոր բաղկացուցիչ մասերը` սոցիալական ապահովագրության համակարգ (որի մեջ մտնում են պետապահովագրությունը , բուժապահովագրությունը եւ ապահովագրման մյուս տեսակները), կապիտալի շուկա (արժեթղթեր) եւ այլն: Հանրապետությունում ամբողջ ֆինանսական համակարգը սահմանափակված է բանկային համակարգով, որն առավել զարգացած է: Բայց ընդսմին մեր բոլոր բանկերի ամբողջ կապիտալը, որքան էլ տարօրինակ թվա, հավասար է Մոսկվա քաղաքի մի փոքրիկ բանկի կապիտալին, որը չի էլ մասնակցում ինչ-ինչ վարկանիշների: Այդ պատճառով Հայաստանը եւ չզարգացած ֆինանսական համակարգեր ունեցող մյուս փոքր երկրները մեկտեղ կարող են հայտնվել նույնիսկ շահեկան վիճակում, քանի որ զարգացած երկրները տարբեր նկատառումներով կարող են նրանց օգնություն հատկացնել: Այսպես, Հայաստանը ԱՄՆ-ից կստանա 525 միլիոն դոլարի արտոնյալ վարկ, կես միլիարդ դոլար էլ կհատկացնի Ռուսաստանը: Եթե այդ օգնությունը նպատակահարմար եւ արդյունավետ օգտագործվի, ապա մեր երկրի մասշտաբներում հնարավոր է հասնել որոշակի հաջողությունների:


- Ճգնաժամի պայմաններում փոքր երկրների «առավելությունները» եւ մեզ հատկացված արտոնյալ վարկերն օգտագործելով` կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ առաջընթացի հասնել տնտեսական զարգացման մեջ:

- Արտաքին եւ պետական զանազան հակաճգնաժամային ծրագրերը նախատեսում են առավել ճկուն վերաբերմունք փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ, որպեսզի օգնություն ստանա արտադրությունը: Նախատեսվում է այդ ոլորտին 300 մլն դոլար հատկացնել` այնտեղ պայմաններ ստեղծելու նպատակով: Մյուս կողմից, արտադրության աշխատողները եւս պետք է ակտիվորեն գործեն, եւ ոչ թե սոսկ օգնություն ստանան: Ինչ վերաբերում է արտադրությունը ճնշող հարկերին, այստեղ անհրաժեշտ է անհատական եւ տարբերակված մոտեցում: Հատկապես փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ, որը հակառակ դեպքում կարող է չգոյատեւել: