Բանակը՝ որպես անվտանգության երաշխիք
Անվտանգությունը չի լինում հռչակագրային: Զինված ուժերը պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության ապահովման, հնարավոր սպառնալիքների զսպման և պետական ինքնիշխանության պաշտպանության կենտրոնական ինստիտուտ։ Մեր առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ, որը կկարողանա ապահովել ՀՀ տարածքի պաշտպանությունը, արտաքին սպառնալիքների կայուն զսպումը, զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությունն ու շարժունակությունը։ Այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական բարեփոխումները. .փուլային անցում պրոֆեսիոնալ (պայմանագրային) բանակի՝ պահեստազորային համակարգի պահպանմամբ, ✔️կառավարման համակարգի արդիականացում՝թվային և ցանցային տեխնոլոգիաների հիման վրա, .անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացում, .ռազմական կրթության և սպայական կազմի պատրաստման համակարգի բարեփոխում, .ռազմավարական պահեստազորի և մոբիլիզացիոն պատրաստվածության համակարգի զարգացում։ Զուգահեռաբար նախատեսում ենք իրականացնել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, երկակի նշանակության (քաղաքացիական և ռազմական) տեխնոլոգիաների արտադրության խթանում, պետական և մասնավոր պաշտպանական մշակումների աջակցություն, առանձին ուղղությունների արտահանման ներուժի զարգացում՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Այս բարեփոխումները կապահովեն Զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացում, զսպման համակարգի արդյունավետության աճ, պետության պաշտպանական կարողությունների ամրապնդում և մեր տնտեսության տեխնոլոգիական բազայի զարգացում։ Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը կդառնա..անվտանգ պետություն՝ ուժեղ բանակով,.տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կարևոր հանգույց,.զարգացող տնտեսություն և նոր հնարավորություններ ունեցող երկիր,.միջազգային քաղաքականության սուբյեկտ, այլ ոչ թե՝ ճնշման օբյեկտ:

